Ջրային կոմիտեն ստուգայց է կատարել Արփա–Սևան թունել
24.12.2025
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ այցելություն է իրականացվել Արփա-Սեւան թունել։ Ստուգայցի խնդիրն էր ուսումնասիրել թիվ 2 թունելի վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները և սահմանված կարգով կազմել ավարտական ակտ։
Այս նպատակով ձևավորվել է ընդունող հանձնաժողով, որի կազմում են՝ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, «Արփա–Սևան» ԲԲԸ-ի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։
Հանձնաժողովի անդամները կոմիտեի նախագահի հետ այցելել են Արփա–Սևան թունելի Եղեգիսի հիդրոտեղամաս և մուտք գործել թունել, որի 18 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ։ Թունելի՝ 2024-2025 թթ․հիմնանորոգված երեսարկների ընդհանուր երկարությունը կազմել է 245 մ։ Աշխատանքների արդյունքում թունելի թողունակությունն ավելացել է՝ հասնելով 20 մ3/վրկ-ի։
Ջրային կոմիտեի պատվերով թունելի նոր հայտնաբերված վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2026 թ․սեպտեմբերին․ դրանց իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 82 միլիոն դրամ։
Արփա–Սևան թունելը կառուցվել է Սևանա լճի մակարդակի պահպանման և բարձրացման, ինչպես նաև հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով։ Թունելի միջոցով Արփա և Եղեգիս գետերի ջրերը տեղափոխվում են Սևանա լիճ՝ ապահովելով լճի էկոհամակարգի կայունությունը։
« վերադառնալ ցանկ