Դիմեք մեզ

Նորություններ

Սյունիքի մարզը՝ Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում

11.11.2025 Սյունիքի մարզը՝ Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզում շարունակվում են Ջրային կոմիտեի (ՋԿ) ղեկավար կազմի աշխատանքային շրջայցերը, որոնց նպատակն է տեղում ուսումնասիրել ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խնդիրները, գնահատել ենթակառուցվածքների վիճակը և մշակել դրանց բարելավման ուղղությամբ գործնական քայլեր։

ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այս անգամ այցելել են «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) ենթակայությամբ գործող Գորիսի և Սիսիանի տեղամասեր, շրջել բնակավայրերը սպասարկող պոմպակայաններում, դիտարկել Գորիսի ճնշումային ջրատարը (դյուկեր) և Խնձորեսկի ապագա ջրամբարի թասը։

ՋԿ ղեկավարները հանդիպել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ․ վերջինս ներկայացրել է խոշորացված համայնքում ոռոգման եւ խմելու ջրի ոլորտներում իրականացված և ընթացիկ հաջող ծրագրերը, մասնավորապես՝ ոռոգման ջրի ամբարման եւ մատակարարման տեղային լուծումները։ Կողմերը քննարկել են խմելու ջրի մատակարարման տեխնիկական ընդհատումների պատճառները և հնարավոր լուծումները։ Անդրադարձ է կատարվել նաեւ Կառավարության կողմից նախատեսվող Խնձորեսկի ապագա ջրամբարի կառուցմանը։

Ղալամքարյանն ու Նալբանդյանն այցելել են նաև Սիսիան համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին և քննարկել ոռոգման ենթակառուցվածքների ընթացիկ խնդիրները։ Սիսիանում ՋԿ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են բնակավայրերը սպասարկող պոմպակայանների աշխատանքին։

Նշենք, որ ՋԿ ղեկավար կազմն օրերս այցելել էր նաև Սյունիքի մի շարք այլ բնակավայրեր, տեղում ուսումնասիրել ջրային ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությունը և ոլորտային պատասխանատուների հետ ուրվագծել դրանց բարելավման ընթացիկ ծրագրերը։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ