Ջրային կոմիտեի նախագահի տեղակալն աշխատանքային այցով Մոլդովայում էր
19.10.2025
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը հոկտեմբերի 15-16-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։
Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ կայացած աշխատաժողովը նվիրված էր ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ) իրականացումը համակարգող ազգային հարթակների ստեղծմանը։ ԵՄ ՋՇԴ-ն ջրային ոլորտի քաղաքականության անկյունաքարային փաստաթղթերից է, այն սահմանում է ջրային ռեսուրսների պահպանության, որակի և քանակի կարգավորման շրջանակը։
Աշխատաժողովին Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն իր խոսքում ընդգծել է ԵՄ ՋՇԴ-ի մոնիթորինգային գործիքակազմի կիրառման կարևորությունը՝ ոչ միայն մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների, այլև դրանց կուտակման և փոխադրման ենթակառուցվածքների համակարգում: Կոմիտեի նախագահի տեղակալն առաջարկել է հետագայում աշխատանքային խմբեր ձևավորելիս դիտարկել նաև ջրային ենթակառուցվածքների համար առանձին թեմատիկ խմբերի ստեղծումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետորեն մշակել ԵՄ ՋՇԴ-ին մոտարկման գործողություններն ու մեթոդաբանությունները:
ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակները նպատակ ունեն բարելավել ջրային ոլորտի տվյալներ արտադրող և քաղաքականություն մշակող հաստատությունների միջև համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ջրերի մոնիթորիգը և կառավարումը մոտարկել ԵՄ ստանդարտներին։
«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագիրը միտված է ջրերի կառավարման բարելավմանը և կանաչ տնտեսության խթանմանը։ Ծրագիրը ներառում է մի շարք առանցքային բաղադրիչներ, ինչպիսիք են՝
.շրջանաձև տնտեսության և ռեսուրսների արդյունավետության խթանում,
.ջրային ռեսուրսների պահպանություն և աղտոտման նվազեցում,
.շրջակա միջավայրի՝ ԵՄ չափանիշներին համապատասխանեցում,
.տվյալների թվայնացման կարողությունների զարգացում,անդրսահմանային համագործակցության ամրապնդում՝ բնապահպանական հիմնախնդիրների շուրջ։