Նորապատի կոյուղու վթարի հետքերով. Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
15.10.2025
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով
գտնվում էր Արմավիրի մարզի Մեծամոր, Նորապատ, Հովտաշատ համայնքներում և Արմավիր ՋՕԸ-ում:
Ջրային կոմիտեի նախագահը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանի, Արմավիր
համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և ոլորտային պատասխանատու մի շարք անձանց ուղեկցությամբ,
եղել է Նորապատում վթարված կոյուղատար համակարգի տարածքում և տեղում հետևել վերականգնման
աշխատանքների ընթացքին։ Այցից ժամեր անց, «Վեոլիա Ջուր» ընկերության ջանքերով, խցանված
կոյուղատարն արդեն բացվել է։
Այցի շրջանակում Ղալամքարյանը ծանոթացել է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից
սպասարկվող՝ մասնավորապես Մեծամոր և Հովտաշատ բնակավայրերով անցնող կոլեկտրոդրենաժային
համակարգերում կատարվող աշխատանքերին։
Ջրային կոմիտեի նախագահն այցելել է նաև Արմավիր ՋՕԸ, որտեղ ղեկավար կազմի հետ
քննարկվել են ոռոգման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, ջրային
ռեսուրսների կայուն օգտագործման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավման և
դրանց դիմաց հավաքագրումների մակարդակի բարձրացման հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման համակարգերի տեխնիկական վիճակին,
ընթացիկ վերականգնման և բարելավման ծրագրերին, որոնք կհանգեցնեն ոռոգման ջրի կորուստների
նվազեցման։
Ջրային կոմիտեն շարունակելու է ակտիվ և հետևողական աշխատանքը՝ ուղղված մարզերում
ջրային ենթակառուցվածքների կայուն զարգացմանն ու առավել արդյունավետ շահագործմանը։
« վերադառնալ ցանկ