Նորատուսում շահագործման հանձնվեց ապակենտրոնացված կեղտաջրերի մաքրման կայան՝ ESU4Sevan ծրագրի շրջանակում
22.07.2025
Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում տեղի ունեցավ ապակենտրոնացված կենսաբանական կեղտաջրերի մաքրման կայանի բացման հանդիսավոր արարողությունը։ Կայանը կառուցվել է ESU4Sevan ծրագրի շրջանակում և նպատակ ունի տեղական մակարդակում ապահովել կայուն և բնապահպանականորեն անվտանգ կեղտաջրերի կառավարում։
Համակարգը թույլ է տալիս տեղում մշակել մանկապարտեզում առաջացող կենցաղային կեղտաջրերը՝ ապահովելով դրանց անվտանգ վերօգտագործումը ոռոգման նպատակով։ Այս լուծումը հատկապես կարևոր է ոչ միայն կրթական հաստատության համար՝ հիգիենայի և սանիտարական պայմանների բարելավման տեսանկյունից, այլև Սևանա լճի պաշտպանության համատեքստում՝ կանխելով չմաքրված կեղտաջրերի մուտքը լիճ և նպաստելով էկոհամակարգի կայունությանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, ով մասնավորապես նշեց․
«Այսպիսի կենսաբանական լուծումները կարող են էականորեն նվազեցնել չմաքրված կեղտաջրերի հոսքը դեպի Սևանա լիճ՝ դրանով իսկ կանխելով լճի էվտրոֆիկացիան և օգնելով վերականգնել էկոհամակարգի բնական հավասարակշռությունը»։
Նա հավելեց, որ նման փորձառությունները խթանում են տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական զարգացումը։
«2030 թվականից ի վեր բոլոր համայնքները պարտավոր են իրենց տարածքներում ապահովել կեղտաջրերի մաքրման գործընթացները։ Հետևաբար, այս պիլոտային ծրագրերը կարող են ծառայել որպես տեխնիկական և կառավարչական օրինակ՝ համայնքների համար»։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից, և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ սերտ համագործակցությամբ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, ինչպես նաև տեղական և ոլորտային այլ գործընկերների հետ։
Այս կայանը հանդիսանում է մի շարք նմանատիպ լուծումներից առաջինը, որոնք կարող են զարգանալ որպես լճի ավազանի համաչափ և համակարգային մաքրման ռազմավարության բաղադրիչներ՝ նպաստելով ինչպես բնապահպանական արդյունքներին, այնպես էլ ինստիտուցիոնալ ամրապնդմանը համայնքներում։
« վերադառնալ ցանկ