 Հարգելի ընկեր
Ողջունում եմ Ձեզ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային էջում և ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ:
Գաղտնիք չէ, որ ջուրը վճռորոշ, կարևորագույն բնական և, իհարկե, նաև տնտեսական ռեսուրս է: Ջրի օրեցօր զգացվող սակավությունը կարևորագույն խնդիր է դառնում աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: Ջրային ռեսուրսների անհաշվենկատ օգտագործումը լուրջ և աճող վտանգ է մարդկանց առողջության և բարեկեցության, արդյունաբերության զարգացման, անշուշտ նաև շրջակա միջավայրի պահպանության համար: Ջրով ապահովման հնարավորությունը ի հաշիվ նոր ռեսուրսների յուրացման, նույնպես սահմանափակ է:
Տարիներ շարունակ Հայաստանում ջրի նկատմամբ բազմակողմանի ընդհանրական մոտեցման բացակայությունը հանգեցրել է ջրի կառավարման չափազանց մասնատված և խառնաշփոթ համակարգի: Ավելին, հանրապետության ջրային տնտեսությունը գտնվել է խորը ճգնաժամային վիճակում: Հանրապետության ջրային տնտեսության ճգնաժամային վիճակից դուրս բերելու և կայուն զարգացումն ապահովելու հիմքերը դրվել են ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշմամբ, որով հավանության է արժանացել հանրապետության ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգը և ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն: Փաստորեն, հանրապետության ջրային տնտեսությունն սկսեց զարգանալ որակական նոր հիմքի վրա: Վերջինիս զարգացումը 2001-2003թթ. բնութագրվում է նոր հարաբերություններին համահունչ օրենսդրական դաշտի ձևավորմամբ, մի շարք կարևորագույն ներդրումային ու վարկային ծրագրերի, ջրային համակարգերի ֆինանսական առողջացմանն ուղղված գործուն միջոցառումների հետևողականորեն իրականացմամբ, նշված համակարգերի կառավարման կազմակերպական-կառուցվածքային բարեփոխումներով, հաշվառման համակարգի նշանակալի բարելավմամբ և արդիականացմամբ:
Հետագա տարիներին հանրապետության ջրային տնտեսության զարգացման գերակա ուղղություններ կլինեն ջրային համակարգերի կառավարման մեխանիզմների կատարելագործումը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը, նշված համակարգերի շահագործման տնտեսական արդյունավետության և հուսալիության բարձրացումը, հաշվառման համակարգի կազմակերպման համալիր ծրագրի ներդրումը:
Կարծում եմ, որ վերը նշված տեղեկությունները կհետաքրքրեն Ձեզ և հուսով եմ արձագանք կգտնեն մեր հետագա համագործակցության շրջանակներում:
Կոմիտեի նախագահ
Ա.Անդրեասյան
|