ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Կապսի ջրամբարի հետ կապված հարցեր

16.11.2018 Տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Կապսի ջրամբարի հետ կապված հարցեր

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի չորրորդ նիստը, որի օրակարգում Կապսի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր էին: «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1» ծրագրի շրջանակներում մանրամասն նախագծման խորհրդատուի կողմից մշակված «Մանրամասն վերլուծության և ծրագրի գործողությունների պլանավորման» նախնական հաշվետվության վերաբերյալ եզրակացության տրամադրման հարցը զեկուցել է «ՋՏ ԾԻԳ» ՊՀ-ի ջրամբարաշինության ծրագրերի համակարգող Վարազդատ Մկրտչյանը: Նա ներկայացրել է նախնական հաշվետվության ընդհանուր դրույթները: Դրանցով առաջարկված են նախագծային լուծումներ, և տարբերակների հստակեցումից հետո կհաջորդեն նախնական նախագծման, իսկ հետո՝ վերջնական նախագծման փուլերը: Առաջին փուլում ջրամբարի տարողությունը նախատեսվում է 25՝ հետագա փուլերում 50-60 մլն մ3 հասցնելու հնարավորությամբ:


Ըստ հաշվետվության, նախատեսվում է պատվարի, շինարարական թունելի կառուցում և գոյություն ունեցող ոռոգման թունելի վերակառուցում: Երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ գետն ամբողջությամբ անցնում է ներկայումս գործող թունելով, որը վերանորոգման կարիք ունի: Զեկուցողը նշել է, որ հաշվետվության էլեկտրոնային նյութերը Տեխնիկական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով ուղարկվել են հանձնաժողովի անդամներին, որոնք դրանց ծանոթանալուց հետո իրենց մոտ առաջացած հարցերը կարող են ուղղել նախագծողի՝ CES գերմանական ընկերության և ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչներին, թեմայի վերաբերյալ ս/թ դեկտեմբերի 10-11-ը կայանալիք աշխատաժողովի ընթացքում:


Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանն առաջարկել է քննարկումը շարունակել ազատ ռեժիմով զեկուցողին հարցերով դիմելու, առաջարկություններ, դիտողություններ անելու և ելույթներ ունենալու միջոցով: Ի պատասխան հարցադրումների, զեկուցողը պարզաբանել է, որ ծրագրի ընդհանուր արժեքն առաջին փուլի համար կազմում է 60 մլն եվրո, որից 50 մլն-ը՝ վարկային, իսկ 10 մլն-ը՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման միջոցներով:


Վարազդատ Մկրտչյանը ներկայացրել է, որ այս փուլում նախատեսվում է 25 մլն մ3 ծավալ՝ ջրամբարի համար, սակայն հիմքերը կառուցելու համար նախ պետք է որոշվի, թե հետագա փուլերում ինչքան պետք է ավելանա ջրամբարի ծավալը:


Հանձնաժողովի անդամ Գրիգոր Գաբայանը զեկուցողին խնդրել է պարզաբանել գործող թունելի վերանորոգման պարագայում 2-րդ թունելի կառուցման անհրաժեշտությունը:


Զեկուցողը պարզաբանել է, որ 2-րդ թունելի կառուցումը նախատեսվում է անվտանգության նկատառումներով, քանի որ գործող թունելը շահագործվում է արդեն 30 տարի և փլվելու ու պատվարին վնաս հասցնելու վտանգ կա: Գ.Գաբայանը նկատել է, որ նման մտահոգության համար նախագծողը չունի թունելի վթարայնության զարգացման դինամիկան:


Հանձնաժողովի անդամ Յուրի Ջավադյանը համոզված է, որ իմաստ չունի ավելորդ շռայլություն թույլ տալ և 60 մլն եվրո արժեքով կառուցել ընդամենը 25 մլն մ3, հետագայում լրացուցիչ ծախսերով՝ 50-60 մլն մ3 ծավալով ջրամբար: Ելույթ ունեցողը համոզված էր, որ գները ուռճացված են և աշխատանքները հնարավոր է կատարել կրկնակի էժան գներով: Կապսի ջրամբարի ծավալը պետք է նախատեսել առավելագույնը 25 մլն մ3 և ջրամբարի հիմնական նպատակը պետք է լինի տարածքի սելավաջրերի հոսքերի կառավարումը: Դրա հետ մեկտեղ առաջարկվում է Շիրակի փոխարեն Թալինի տարածքում կառուցել 83 մլն մ3 ծավալով ջրամբար, որը կընդունի նաև Կապսի հոսքերը:


Հանձնաժողովի անդամ Գ.Գաբայանն առաջարկել է ներկայացնել ջրերի հոսքերի հաշվարկային տվյալները՝ համոզվելու համար, որ դրանք, իրոք, կատարվել են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմերով:


Հանձնաժողովի անդամ Կ.Աղաբաբյանը հանդես է եկել հետևյալ առաջարկություններով և դիտողություններով. հաշվարկներն, ըստ իր կարծիքի, կատարվել են այլ երկրի նորմերով և ստացված տվյալները ուղղակի համեմատվել են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվային տվյալների հետ և վերցրել են միջինացված տվյալներ, և հիմա հնարավոր չէ ասել, թե որքանով են դրանք ճիշտ:


- Հաշվետվությամբ առաջարկվում է ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարը վերանորոգել, կամ անտեսել դրա գոյությունը և Կառնուտը սնող հոսքերն ուղղել դեպի Կապսի ջրամբար, ինչն անհասկանալի է:


- Կապսի ջրամբարը որպես սելավաջրերի հոսքերը կարգավորող ջրամբար դիտարկելու և այդ ջրերը Թալինի տարածքի ջրամբար տեղափոխելու մասին առառաջարկությունը պետք է հիմնավորվեն:


Հանձնաժողովի անդամ Յու.Ջավադյանը վերջին դիտողության վերաբերյալ նշել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սելավաջրերը Կապսից դեպի Թալինի տարածքում կառուցվելիք ջրամբար տեղափոխելով, հնարավորություն է ստեղծվում կառուցելու նաև 25 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան: Միաժամանակ չպետք է մոռանալ, որ այդ տարածքում ջրամբար կառուցելու դեպքում ամբարված ջրի մի մասը հայտնի պատճառներով ստիպված կլինենք տալ հարևան երկրին:


Հանձնաժողովի նախագահ Հ.Թոքմաջյանը այս առնչությամբ նշել է, որ Կապսի ջրամբարի կառուցումը մեր երկրի անվտանգության հետ կապված հարց է, այն պարտադիր է, սակայն անիմաստ է հարցը քննարկել առանց Թալինի տարածքում ջրամբարի կառուցման հարցը քննարկելու:


Հանձնաժողովի անդամ Աշոտ Մարկոսյանն առաջարկել է ուշադրություն դարձնել կառուցվող ջրամբարի ծավալի ճիշտ ընտրությանը: Անհրաժեշտ է ունենալ համեմատական արդյունավետության ցուցանիշներ, այլապես հանձնաժողովի համար դժվար կլինի քննարկվող հարցի վերաբերյալ ճիշտ եզրակացություն տալ:


Հանձնաժողովի նախագահ Հ. Թոքմաջյանը նիստը եզրափակող ելույթում ևս մեկ անգամ անդրադարձել է Կապսի ջրամբարի կառուցման անհրաժեշտությանը, ներկաներին հորդորելով հարցի կարևորությունը դիտարկել նաև Թուրքիայում իրականացվող լայնածավալ ջրամբարաշինության ենթատեքստում:

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ