ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի մասնագետները շատ օգտակար են գնահատում այցը՝ Ֆրանսիայի ջրային համակարգեր

02.10.2018 Ջրային կոմիտեի մասնագետները շատ օգտակար են գնահատում այցը՝ Ֆրանսիայի  ջրային համակարգեր

Ջրային կոմիտեի և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի աշխատակազմերը ներկայացնող մասնագետների խումբը, սեպտեմբերի 23–ից հոկտեմբերի 2-ը, Ֆրանսիական Զարգացման Գործակալության հրավերով գտնվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ հարավային նահանգներում մի շարք ճանաչողական-ուսուցողական այցեր է ունեցել ջրային ոլորտի խոշոր ընկերություններ ու նրանց կառավարման տակ գտնվող համակարգեր։


Այցը սկսվել է Գասկոնի նահանգի Տարբես քաղաքից, որտեղ գործում է CACG ընկերությունը։ Այս և մյուս ընկերությունները ոռոգման գործառույթների հետ համադրում են նաև առնչվող այլ գործառույթներ, հաջողությամբ ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարում իրականացնում:


Gastelnau de Magnoac ընկերությունը ևս ջրամատակարարման ծառայություններ է մատուցում տարածաշրջանի ջրօգտագործողներին ու սպառողներին, ինչպես նաև՝ խորհրդատվություն՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, պլանավորման և համակարգերի նախագծման գործում: Այդ ընկերությունները ոռոգման ջուր են մատակարարում ինչպես ասոցիացիաներին, այնպես էլ անմիջապես ֆերմերներին: Կազմակերպությունների հիմնական խնդիրներից է՝ աջակցել ջրային ռեսուրսների կառավարման և վերահսկողական աշխատանքների կատարելագործմանը:


Փորձարարական տնտեսություններում հայաստանյան խումբն ականատես է եղել ոռոգման արդիական եղանակների կիրառմանը, մասնավորապես ոչ մակերեսային կաթիլային ոռոգմամբ եգիպտացորենի և արևածաղկի դաշտերի մշակմանը։ Ֆրանսիայի հարավում հիմնականում մշակվում են հատիկային կուլտուրաներ ու պտղատու այգիներ: Վերջիններս պարտադիր պաշտպանված են հակակարկտային ցանցերով, ոռոգումն իրականացվում է կաթիլային ու անձրևացման ավտոմատ համակարգերի միջոցով: Այս տարածաշրջանում կլիման ավելի բարենպաստ է, ոռոգման ջրի պահանջարկը՝ քիչ, ինչը ևս մեկ ակնառու տարբերություն է հայաստանյան ոռոգման շրջանից, եթե առաջին տեղում դնենք տեխնիկական զինվածության, ֆինանսական ապահովության մակարդակը: Ակնհայտ և տրամաբանական է, որ բարեկարգ համակարգերում ջրի կորուստ, որպես այդպիսին չկա, քանի որ ռեսուրսի փոխադրումը շատ տեղերում փակ խողովակաշարերով է, իսկ անխուսափելի կորուստները չեն գերազանցում 15 տոկոսը:


Նիմ քաղաքում է գործում BRL՝ ևս մեկ խոշոր ընկերությունը, որը շահագործում է մեկ խոշոր գլխամասային հանգույց, 200 պոմպակայան, 90 ջրամբար և 700՝ SCADA համակարգերով հսկվող և հեռակառավորվող հանգույցներ:


Բոլոր ընկերություններն ունեն ֆինանսական մեծ շրջանառություններ, տասնյակ միլիոնավոր եվրոների հասնող, ինչը թույլ է տալիս ներդրումների մեծ հոսքեր ուղղել համակարգերին՝ սեփական եկամուտներից: Յուրաքանչյուր տարի ընկերությունները նաև ԵՄ-ից են մեծ օժանդակություն ստանում՝ ուղղված տարածաշրջաններում գյուղատնտեսության զարգացմանը:


Այս և խմբի այցելած ևս երկու ընկերություններում ներդրված է NESTE հեռակառավարման համակարգը, որով իրականացվում է հիդրոհանգույցների ավտոմատ կառավարումը, ջրի հաշվառումը, տեխնիկական խնդիրների, վթարների արձանագրումը և այլն: Հեռակառավարման կենտրոններում հերթափոխերով հիմնականում մեկ աշխատակից է նստում:


Դաշտային այցերի ծրագրում նաև SСP ընկերությունն էր, որը հանրային կոնցեսիոներ է, Էքս Ան Պրովանսում ջրային ապահովման պատասխանատուն: Ընկերությունն իր սպասարկման տիրույթում նաև ինժեներական ծառայություններ է մատուցում, ՀԷկ-եր շահագործում, գործունեություն ծավալում մոտ քառասուն երկրներում /Աֆրիկյան երկրներ, Սենեգալ, Թունիս, Շրի Լանկա,Վիետնամ/:


SСP-ն նաև սեփական խանութներում ոռոգման սարքավորումներ, ջրարբիացման եւ հաշվիչ սարքավորումներ է վաճառում, գյուղական բնակավայրերում հաճախորդների համար ջրամատակարարման նախագծեր կազմում եւ իրականացում: Ընկերությունը նաև լաբորատոր գործունեություն է իրականացնում, ջրի որակի մշտական մոնիտորինգ իրականացնում, ունի նաև հիդրավլիկական չափումների լաբորատորիա:


Իդեպ, հենց այս ընկերության սպասարկման տարածքում հայաստանցի մասնագետները ականատես եղան պայմանագրային հարաբերությունների հստակ ու հետևողական կատարմանը հետևյալ օրինակով: Ջրանցքներից մեկի վրա կառուցված հեղեղատարն ուղիղ իջնում էր դեպի մասնավոր բնակելի թաղամաս: Մտահոգությանը, թե հեղեղների դեպքում այդ տներն ու հողամասերը կվնասվեն, ընկերության պատասխանատուն պարզաբանել է, որ դա իրենց խնդիրը չէ, քանի որ այդ տները կառուցվել են հեղեղատարից հետո՝ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ, հետևաբար և վնասի հատուցման կամ այլ մտահոգությունները չպետք է իրենց առնչվեն, իրենց պայմանագրերում նման որևէ կետ չկա:


Նույն կերպ հստակ են պայմանագրերով սահմանված վճարումներն՝ իրենց ժամանակացույցերով: Ուշացումների դեպքում այնպիսի տուգանքներ են սահմանված, որ խելամիտ սպառողին մնում է միայն պարտաճանաչ վճարող լինել:


Canal de Provence ևս մեկ նորարարական ընկերություն է՝ Պրովանսի տարածաշրջանում գործող: Այստեղ ջրի մաքրման համակարգն օգտագործում է արեւային էներգիան: Այն, իդեպ, շատ տեղերում օգտագործվում է նաև դաշտային պայմաններում՝ փոքր պոմպերն աշխատեցնելու նպատակով: Ընդհանրապես, կենցաղային և արդյունաբերական նպատակներով արևային էներգիայի կիրառումը երկրում շատ է տարածված՝ հիդրոէներգետիկային զուգահեռ:


Մանոսկի տարածաշրջանում որպես պատմական հուշարձան է մնացել՝ Ալպերից իջնող գետի վրա կառուցված՝ հռոմեական շրջանի հոյակերտ հսկա հիդրոհանգույցն իր բազմաթիվ կամարներով ու անցումներով, որ իբր ջրատար և կամուրջ է ծառայել՝ միաժամանակ:


Ընկերությունում կարևորում են ջրի խնայողությունը՝ որպես նաև կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի արդյունավետ գործիք: Թանկ ու կարևոր ռեսուրսի կոլեկտիվ կառավարումը, հասարակական հատվածի, համայնքների ակտիվ մասնակցությունը մշտապես հաշվետու լինելու ու թափանցիկ աշխատելու կայուն պայմաններ են ստեղծում: Բոլոր այս գաղափարները տարածվում են իրազեկման ժամանակակից միջոցներով, խրախուսվում ու քարոզվում է ջրի խնայողությունը:


Հայաստանցի մասնագետների այցի եզրափակիչ փուլը կայացել է Փարիզում, Զարգացման Ֆրանսիական Գործակալության կենտրոնական գրասենյակում, որտեղ Հայաստանի Ջրային կոմիտեի ներկայացուցիչներին դիմավորել են Հայաստանի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության և Եվրամիության դրոշներով: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ծրագրերի տարածաշրջանային պատասխանատուները, որ արդեն իսկ տիրապետելով խմբի այցերի ու հանդիպումների տեղեկատվությանը, գոհունակություն են հայտնել՝ արդյունավետ այցի ու սովորելու պատրաստակամության համար, հաճելիորեն արձանագրելով, որ հայաստանցի մասնագետների բազմաթիվ հարցադրումները ևս վկայում են այդ մասին:


ԶՖԳ պաշտոնյաները ներկայացրել են գործակալության քաղաքականությունն ու տարբեր երկրներում, ներառյալ Հայաստանում, իրականացվող զարգացման ու աջակցության ծրագրերը, փաստել, որ պատրաստ են ընդլայնել դրանք:


Շուրջ մեկ շաբաթ տևած այցը էապես արդյունավետ էր՝ ջրային համակարգերի կառավարման արդիական լուծումներին, տեխնիկական վերազինման հնարավորություններին ծանոթանալու, հաղորդակցության ու մարքեթինգի նոր մոտեցումներին իրազեկվելու առումով:
Ուսուցողական էր հատկապես՝ նույն ընկերության կողմից համադրված, փոխկապակցված ծառայությունների մատուցման պրակտիկան, պայմանագրային հարաբերությունների հստակ ապահովումն ու կիրարկումը, ինչպես նաև՝ խնայողության ռեժիմը ռեսուրսի տնօրինման ու կառավարման բոլոր օղակներում:

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ