ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հայաստանում մինչև 10 անգամ կարող է էժանանալ ջրամբարների կառուցումը

22.08.2018 Հայաստանում մինչև 10 անգամ  կարող է էժանանալ ջրամբարների կառուցումը

Շուրջ 30 տարի առաջ, Լոմոնոսովի անվան՝ Մոսկվայի պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտում, ակադեմիկոս Սեդովի գլխավորած հիդրոմեխանիկայի ամբիոնի մի խումբ հայ շրջանավարտներ ստեղծել են ջրակայուն նյութ՝ շատ ցածր ինքնարժեքով, որը Ռուսաստանում վաղուց արդեն հաջողությամբ կիրառվում է: Մոսկվահայ գիտնականների առաջատար եռյակից է նաև Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արևշատ Վարդանյանը, որը Հայաստան է եկել՝ գյուտի մասին հայ գործընկերներին իրազեկելու և համագործակցելու պատրաստակամությամբ:


Երևանում, ակադեմիկոս Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում արդեն իսկ համատեղ առաջին փորձանմուշն են ստացել:


Օգոստոսի 22-ին ուսումնագիտական կենտրոն են այցելել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ, տեղում ոլորտի համար անչափ կարևոր այդ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:


Ըստ գիտնականի, այսօր արդեն եկել է այս նյութը լիարժեք կիրառելու ժամանակը, քանի որ ջրի գինը և պահանջարկը կտրուկ աճել են ամբողջ աշխարհում և մասնավորապես՝ Հայաստանում: Հետևաբար, անհրաժեշտ է մտածել նաև ջրային պաշարների ամբարման, միաժամանակ և ծախսերը կրճատելու մասին:


«Միայն այս նյութի օգտագործմամբ մինչև 10 անգամ կարող է էժանանալ ջրամբարների կառուցումը՝ ավանդական մեթոդների համեմատ: Նյութն էկոլոգիապես մաքուր է, կազմված՝ բնական բաղադրիչներից. 90 տոկոսը սովորական ավազ է, 10 տոկոսը՝ բենտոնիտ: Երկուսն էլ Հայաստանում շատ են և էժան: Մնացած փոքր մասն այն «գաղտնի» նյութերն են, որոնք կլանում են հեղուկն ու պահպանում անգամ մթնոլորտային մեծ ճնշման պայմաններում: Երեք սմ-անոց շերտն արդեն իսկ հսկայական ճնշման կդիմանա: Այս նյութով մշակված ջրամբարների, ջրանցքների հատակը ջրի ֆիլտրացիան լիարժեք կանխում է, հետևաբար և կրուկ կրճատում կորուստները: Հայաստանում ոչ միայն կարելի է, այլև օր առաջ պետք է կազմակերպել այս նյութի արտադրությունը. ավազը, բենտոնիտը կան, ջուր էլ կա, որ պետք է ամբարել»,- ասել է Արևշատ Վարդանյանը:


Մեր հայրենակիցը պարզաբանել է, որ տարեկան միքանի հազար տոննայի արտադրական հզորությամբ գործարանի կառուցումը թանկ չի լինի, իսկ հետո արդեն հնարավոր կլինի նորերը կառուցել տարբեր վայրերում: Ինքնածախսածածկումը 5-10 տարի կկազմի:


Հայ գիտնականը պատրաստակամ է իր մոսկվահայ գիտնական-ընկերների հետ Հայաստանում ներդրում ունենալ տնտեսության զարգացման գործում: Հայրենիք է եկել՝ ուսումնասիրելու ներկայացված նյութի արտադրություն հիմնելու հնարավորությունը: Արդեն իսկ հայաստանցի գործընկերների հետ զբաղվում է դրանով և հուսով է, որ հայրենիքում օգտակար ու կարևոր այս նախաձեռնությունն աջակցություն կգտնի:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցրել է, որ ակադեմիկոս Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում մասնագիտական մեծ ներուժ կա և հուսով է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ իսկապես շատ կարևոր գործ կարվի: Կոմիտեի ղեկավարը հյուրին տեղեկացրել է, որ «ջրամբարաշինությունը Հայաստանում ռազմավարական կարևորություն ունի և նման մատչելի ու հուսալի մեթոդի կիրառումն իսկապես կարող է խթանել այս ուղղությունը: Մենք օր առաջ մեր երկրում ջրի պաշարներ ամբարելու խնդիր ունենք և նոր ջրամբարների պահանջարկն ուղղակի այլընտրանք չունի: Այս նյութը կարող է կիրառվել նաև ջրանցքների ամրացման համար»:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ