ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Կապսի ջրամբարի կառուցումը կսկսվի 2020թ-ին. ջրաձորցիները դիմել են Կապս անունը Ջրաձորով փոխարինելու համար

25.04.2019

Խորհրդային տարիներին նախագծված Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը տրվեց 1985թ-ին: 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո շինաշխատանքների տեմպը դանդաղեց, իսկ 1993թ-ին ընդհանրապես կասեցվեցին դրանք: Նախնական նախագծով ջրամբարն ունենալու էր 90 մլն խմ ծավալ եւ ընդգրկելու էր մի քանի համայնքների տարածք՝ ընդհուպ հասնելով մինչեւ Ամասիա: Մի քանի տարի առաջ արված նախագծային նոր տարբերակում Կապսի ջրամբարը կառուցվելու է 25 մլն խմ ծավալով (ծրագրի 1-ին փուլ), հետագայում, հաշվի առնելով պատվարի բարձրությունը, հասցվելու է մինչեւ 60 մլն խմ-ի (ծրագրի 2-րդ փուլ):


Նման ծավալով ջրամբարի կառուցման դեպքում հնարավոր կլինի ոռոգելի դարձնել 8 հազար հա տարածք, եւս 4 հազար հա-ում կազմակերպել ջրթող՝ ըստ պահանջի: Շնորհիվ նորակառույց ջրամբարի՝ ինքնահոս եղանակով հնարավոր կլինի ոռոգման ջուր մատակարարել Ախուրիկ, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Շիրակավան եւ Լուսաղբյուր համայնքներին: Ջրամբարի ծավալների ավելացման դեպքում հնարավոր կլինի ջուրը հասցնել մինչեւ Թալին ու հարակից համայնքներ:


Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել կառավարության 2013թ-ի օգոստոսի 8-ի նիստում: Նախագիծն իրականացվում է գերմանական KFW բանկի տրամադրած 50 մլն եվրո վարկային միջոցներով: Ջրամբարի տարածքն ընդգրկելու է Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրի վարչական տարածքը: Ջրաձորը մարզկենտրոն Գյումրիից հեռու է 18 կմ, հիմնադրվել է 1820-ականներին, բնակիչների նախնիների մի մասը 19-րդ դարում այստեղ են տեղափոխվել Արեւմտյան Հայաստանի Բասեն գավառից:

Գյուղը մինչեւ 1946թ-ը կոչվել է Ջալաբ, իսկ հետո անվանափոխվել Ջրաձորի, թեեւ մինչեւ անկախացումը հիմնականում գործածվել է նախկին անունը: Երկրաշարժի հետեւանքով բնակֆոնդի 80 տոկոսն ավերվել է: 31 ընտանիք մինչեւ օրս բնակարանային փոխհատուցում չի ստացել, նրանց նկատմամբ պետությունը դեռեւս պարտավորություն ունի: Ջրամբարի կառուցման ծրագրի վերսկսման վերաբերյալ մշտական խոսակցությունները գյուղը վերականգնելու բոլոր հնարավոր ծրագրերը ի չիք էին դարձնում, մանավանդ, որ տեղափոխման հարցը եւս արդիական էր:


Ջրաձորի վարչական ղեկավար, նախկին համայնքապետ Գեւորգ Հովակյանի փոխանցմամբ, ջրի տակ են մնալու հիմնականում գյուղի մշակովի հողատարածքները: «Հողերի 99 տոկոսը հայտնվելու է ջրի տակ, կան վարելահողեր, կան արոտավայրեր, կան սեփականություն հանդիսացող հողեր, կան վարձակալական: Մենք էսօրվա դրությամբ դեռ չգիտենք, թե հա-ին ինչ փոխհատուցում պետք է տա կառավարությունը,- ասում է Գեւորգ Հովակյանը,-մենք գույքագրումն արդեն արել ենք, գյուղում 90 տուն կա. ջրամբարը որ սարքվեց, հնարավոր է՝ գյուղը տեղահանեն, ու էդ բոլոր հարցերը պետք է լուծվեն մինչեւ տարվա վերջ»:

Ջրաձոր գյուղի տեղափոխման խնդրին վերաբերմունքը միանշանակ չէ, բնակիչներն այս հարցում բաժանված են երկու մասի՝ մի հատվածը համաձայն է, որ ոչ շատ հեռու, իրենց մատնանշած վայրում կառուցվի նոր գյուղ, մի մասն էլ որպես փոխհատուցում ցանկանում է ստանալ գումարը՝ այլ վայրում տուն գնելու նպատակով: Գումարային փոխհատուցման կողմնակից են հիմնականում նրանք, որոնք ունեն անշարժ գույք, սակայն վաղուց հեռացել են գյուղից եւ այնտեղ չեն բնակվում: Մեծ տնտեսություն ունեցողները, որպես փոխհատուցում, գերադասում են նոր գյուղի կառուցման տարբերակը:


«Կապսի ջրամբարի կառուցում եւ ինքնահոս համակարգի ծրագրի» համակարգող Վարազդատ Մկրտչյանի փոխանցմամբ, ջրամբարի նախագծային աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին, եւ հավանական է, որ 2020թ-ին սկսվեն կառուցման աշխատանքները: «Մենք հիմա շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատում ենք իրականացնում, նաեւ սոցհարցումներ ենք իրականացնում բնակչության շրջանում: Կարծում եմ մինչեւ մայիս-հունիս ամիսները պատկերը պարզ կլինի, կկարողանանք հասկանալ՝ բնակիչների համար տարբերակներից որն է նախընտրելի՝ գույք գույքի դիմաց, թե գումար՝ գույքի դիմաց,- ասում է Վարազդատ Մկրտչյանը:- Ընդհանրապես վերաբնակեցման ուղղվածությունը նշանակում է նաեւ փոխհատուցում, վարկային համաձայնագրով այդ կետը ներառված է, եւ դա անելու է վարկառուն, այս դեպքում՝ կառավարությունը: Կա նաեւ 3-րդ տարբերակը՝ հնարավոր է եւ գյուղը չտեղահանվի, նայած թե ջրամբարը ինչ ծավալով կկառուցվի՝ 25 մլն խմ, թե կհասցվի մինչեւ 60 մլն-ի»:

Կդառնա Ջրաձորը «ծովափնյա» գյուղ, ինչպես կատակով նշում են բնակիչները, թե ոչ, առայժմ հայտնի չէ: Այդ «տիտղոսին» հավակնելուն դեռ մեկ տարի էլ պետք է սպասեն, իսկ առայժմ պայքարում են ջրամբարի անվանափոխության համար: Գեւորգ Հովակյանն ասում է, որ անարդարացի է կոչել այն Կապս գյուղի անունով այն դեպքում, որ ջրամբարը ոչ մի կապ չունի բնակավայրի հետ: «Սովետի ժամանակ Ամասիայի շրջսովետի նախագահը ադրբեջանցի էր, ըդոր համար էլ չուզեցին մեր գյուղի անունը վերցնեին, կմտածեին, օր հնարավոր է՝ հին անունը ուզենան դնեն՝ Ջալաբ, որը հեչ նպատակահարմար չէր: Հետո էլ Ախուրյանի առաջին քարտուղարը՝ Մկրտչյանը, մոտիկ էր Դեմիրճյանի հետ, ինքն էր խառնվել, ըդպես էլ ջրամբարի անունը դրեցին Կապսի,- պարզաբանում է գյուղի վարչական ղեկավարը,- հըմի իմ կարծիքով հեչ բան չի խանգարե, օր անունը փոխեն դնեն Ջրաձոր: Մենք դիմել ենք էդ հարցով, տեսնինք կընդառաջե՞ն: Ես կգտնիմ, քանի օր մեր տարածքներն են դրվելու ջրաբարի տակ, ուրեմն թող անունն էլ մեր գյուղի անունը լինի»:


Մանրամասները՝ hetq.am կայքում:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ