ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Քաղցրաշենի ինքնահոս համակարգի կառուցմամբ տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ

03.07.2016 Քաղցրաշենի ինքնահոս համակարգի կառուցմամբ տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ

Ներկայումս Արարատի մարզի 12 համայնքներ Ազատ գետից ոռոգման ջուրը ստանում են պոմպակայանի միջոցով՝ Ազատի ջրամբարից, որը լցվում է Ազատ գետից: Համաշխարհային բանկի ներրդումներով կառուցվող «Քաղցրաշենի ինքնահոս համակարգի» նախագծով նախատեսվում է այդ 12 համայնքներին հասանելիք ոռոգման ջուրը հասցնել խողովակաշարով՝ ինքնահոսի միջոցով:

 

Արդյունքում՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմամբ ինքնահոս ջրով կապահովվեն Արարատի մարզի Քաղցրաշեն, Նարեկ, Գետազատ, Դեղձուտ, Այգեստան, Նորաշեն, Բերդիկ, Ն. Դվին, Վ. Դվին, Հնաբերդ, Վարդաշեն, Մրգանուշ գյուղերը և հնարավոր կլինի ոռոգվող հողերի ներուժը 854-հա-ից հասցնել 1200 հա-ի:

 

Սակայն Գառնի գյուղի բնակիչները  դեմ էին այդ ծրագրին, փակեցին Գառնի-Երևան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը: Արդյունքում ծրագիրը դադարեցվեց և մշակվեց փոխզիջումային տարբերակ:

 

Panorama.am-ի հետ զրույցում Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ ընդառաջելով բարձրացրած մտահոգություններին՝ մշակվել է փոխզիջումային նախագիծ, որը հնարավորություն կտա խուսափել բոլոր հնարավոր խնդիրներից:

 

Մասնավորապես, փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել  Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի վնասումից, թեև դրանով մոտավորապես 30%-ով կկրճատվի հնարավոր խնայողությունների չափը:

 

«Այսպիսով, կբացառենք որևէ շինարարական աշխատանք կիրճի տվյալ տեղամասում, հողօգտագործողներին ևս որևէ հնարավոր վտանգ չի սպառնա, թեև նախկինում էլ  չէր սպառնում»,- ասաց Մարտիրոս Նալբանդյանը:

 

Ըստ նրա՝ գլխամասը գետի առավել ներքևի հատվածում տեղադրելու դեպքում խողովակի մեջ բավարար ճնշում չի լինի, որպեսզի ջուրը հասնի Արարատի մարզ, սակայն փոխզիջման արդյունքում կտեղադրվի փոքր ծավալի պոմպ, որը թույլ կտա լրացնել ճնշումների տարբերությունը: «Մինչև գառնեցիների բողոքը նախատեսվում էր   ջուրը մատակարարել ինքնահոս եղանակով, սակայն հիմա ստիպված ենք կորցնել հիդրավլիկական  որոշակի ճնշում, դրա փոխարեն կդնենք լրացուցիչ պոմպ»,- նշեց Մարտիրոս Նալբանդյանը: 

 

Մինչդեռ, ըստ մասնագետի, նախկին նախագծով նախատեսվում էր Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերև, Ազատ գետի վրա, կառուցել ջրընդունիչ կառույց և մոտեցնող խողովակաշար, որով ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակը կուղղվեր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան` գործող մեխանիկականի փոխարեն ինքնահոս ոռոգման ջուր հասցնելով հողագործներին: Քանի որ ինքնահոս ոռոգման տնտեսական արդյունավետությունն, ի տարբերություն ջրամբարից մեխանիկական եղանակով մղվող ջրի, անհամեմատ բարձր է, ապա ըստ հաշվարկների՝ Քաղցրաշենի համակարգի շահագործման արդյունքում տարեկան հնարավոր կլիներ տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար և շուրջ 24 մլն դրամ պոմպակայանի շահագործման ծախս:

 

Նշենք, որ Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչներն էլ դեմ են Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգի նախագծին, որով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով   տեղափոխել  Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Հացավան  համայնքներ:

 

Անդրադառնալով Գեղարդալճի ջրի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծին՝ Մարտիրոս Նալբանդյանն ասաց, որ այստեղ նույնպես գնացել են փոխզիջման: «Արդյունքում՝ ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը և տեղակայել այնտեղ, որտեղ առաջարկել են բնակիչները»,- ասաց նա:

 

Կարևորելով ինքնահոս համակարգերի կառուցումը՝ Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ ինքնահոս համակարգի անցումը թույլ կտա խնայել էլեկտրաէներգիան, նվազեցնել ծախսերը, ինչը կբերի ջրի ինքնարժեքի նվազեցման և, հետևաբար՝ գյուղական տնտեսությունների զարգացմանը:

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝  Panorama.am

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ