ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

ՍԵՎԱՆԻ ԲԵՌԸ ԿԻՍՈՂԸ` ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՄԲԱՐ

07.12.2015

  

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը, (JICA), ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ, դեկտեմբերի 4-ին ներկայացրել է «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը:

Նշենք, որ Եղվարդի ջրամբարի ծրագիրը նախագծվել է դեռևս 1970-ականներին՝ որպես Սևանա լճի բնապահպանական միջոցառումներից մեկը: Ավելի ուշ՝ 1980-ականներին սկսվել են 228 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցման աշխատանքները, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով` դադարեցվել: 1990-ականներին, Սևանա լճի ջրի մակարդակի երկրորդ անգամ գրանցված անկման պատճառով, վերադարձ է կատարվել ջրամբարի կառուցմանը, ու Եղվարդի ջրամբարի ծրագիրը դիտարկվել է որպես լճի անկման կանխման գործողություններից մեկը: Անկախության տարիներին ջրամբարի ծավալը վերանայվել է և կրճատվել մինչև 90 մլն խմ: Այս նվազեցված ծավալով էլ ՀՀ կառավարությունը 2012թ. դիմել է Ճապոնիայի կառավարությանը՝ հայցելով վարկային օգնության ծրագիր: Ճապոնիայի կառավարությանը վարկային ծրագիրը հիմնավորելու նպատակով դիմել է JICA-ին, որը պետք է իրականացնի ջրամբարի կառուցման հիմնավորման երկփուլանի հետազոտություն:

 

 

ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը իր ելույթում նախքան Եղվարդի ջրամբարին անդրադառնալը խոսել է ընդհանրապես ջրամբարային քաղաքականության, մակերևութային ջրերի կայուն կառավարման, բնապահպանական խնդիրների մասին:

 

«Ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետությունում ջրամբարաշինությունը կարևորագույն գործառույթ է հատկապես բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտների համար, և պետք է հատուկ նշեմ, որ մեր երկրի աշխարհագրական դիրքը լավ հնարավորություն է տալիս կայուն կառավարում իրականացնել հատկապես ջրամբարների ոլորտում: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 90 տարբեր չափի և մեծության ջրամբարներ կան: Առաջին և գլխավորը մեր Սևանա լիճն է, և այն միջոցառումները, որոնք իրականացվել են լճի պահպանան համար, բնականաբար` մեզ հնարավորություն են տվել այս տարիներին այնպիսի գործառույթներ իրականացնել, որոնք կբերեն Սևանի մակարդակի չնվազմանը, Արարատյան դաշտավայրի խորքային հորերի ճնշումների նվազեցմանը, կայուն ոռոգում իրականացնելուն, մասնավորապես` մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինմանը»,- ասել է կոմիտեի նախագահը:

 

Արամ Հարությունյանի համոզմամբ` միայն Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի օգտագործումը բավական լուրջ կրճատել` ինքնահոս եղանակով ջրամատակարարում իրականացնելով: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա հինգ տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրվելու ջրամբարաշինության ուղղությամբ:

 

Առաջին ջրամբարը, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա վերջին հաջորդ տարվա առաջին կիսամյակում Վեդու ջրամբարն է` 29 մլն խմ ծավալով: Հաջորդը լինելու է Կապսի ջրամբարը, որն առաջին հերթափոխում նախատեսվում է 25 մլն խմ, երկրորդում` մինչև 60 մլն խմ ծավալով: Այնուհետ Մաստարան է` 17 մլն խմ ջրատարողությամբ, ու Եղվարդի ջրամբարը` մինչև 90 մլն խմ ծավալով:

 

«Հատուկ շեշտում եմ այս թվերը, որպեսզի կարողանանք ճիշտ ձևակերպումներ անել: Մեր նպատակն է. առաջին` կայուն կառավարել մակերևութային ջրերը և երկրորդ` աշնան-գարնանային վարարումների ժամանակ և այն ժամանակահատվածներում, երբ ոռոգման ու այլ նպատակներով ջուր պետք չէ, հնարավորություն ունենանք «ավելացած» ջուրը պահեստավորել և բնականաբար օգտագործել հետագայում` ըստ անհրաժեշտութան: Հաջորդ մոտեցումը հետևյալն է. միայն Եղվարդի ջրամբարի շահագործմամբ մենք կարողանանք տարեկան 28 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա խնայել: Եղվարդի ջրամբարի հասանելիության տիրույթում 3 մարզի 27 համայնքներ են լինելու, որոնցում հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգում կազմակերպել: Մասնավորապես` Եղվարդ, Վաղարշապատ, Խոյ, Աշտարակ ՋՕԸ-ների տարածքներում մենք հնարավորություն կունենք ինքնահոս ոռոգում ապահովել: Այս աշխատանքն առայժմ տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է, բայց սա շատ կարևոր է` մնացած փուլերին հասնելու, հաղթահարելու և լուծումներ առաջարկելու համար: Եվ շնորհակալություն պետք է հայտնեմ ճապոնացի մեր գործընկերներին, Ճապոնիայի կառավարությանը` այս ծրագրին ընթացք տալու, և իրենց միջոցով կյանքի կոչելու համար»,- ասել է ՋՏՊԿ նախագահը:

 

Արամ Հարությունյանն ընդգծել է, որ այս ծրագրի իրականացմամբ է պայմանավորված ևս երկու կարևոր հանգամանք. «Սա բնապահպանական տեսանկյունից շատ կարևոր է Սևանա լճի բեռնաթափման գործում: Եթե մենք օրենքով սահմանված կարգով տարեկան 170 մլն խմ ջուր ենք վերցնում Սևանից, ապա սրա շահագործմամբ կունենանք 90 մլն խմ ջուր, Վեդու ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելով` ևս 30 մլն խմ»:

 

Ջրտնտպետկոմի նախագահի խոսքով` անկախ Հայաստանի առաջին ջրամբարն արդեն ունենք` 24 մլն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը. «Այս տարի ոռոգման շրջանում մենք ակնհայտ զգացինք այդ 24 մլն-ի կարևորությունը: Եթե դա չլիներ, մենք ստիպված կլնեինք նորից ԱԺ-ում Սևանից լրացուցիչ քանակ ջրի թողտվության խնդիր բարձրացնել»:

 

Եղվարդի ջրամբարի կառուցմամբ լուծվող հաջորդ խնդիրը, ըստ Արամ Հարությունյանի, այն է, որ միայն մի քանի տասնյակ պոմպակայաններ ենք շահագործումից հանելու, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի 100 և ավելի խորքային հորեր լուծարելու, փակելու ենք. «Բնականաբար` այս ծրագիրը աննախադեպ է մեր երկրի տնտեսության համար, ջրոլորտում դրական առումով բեկում մտցնելու, գյուղնշանակության ապրանքների ինքնարժեքը իջեցնելու համար»:

 

Արամ Հարությունյանը շեշտել է, որ աշխարհում ջրի հասանելիությունը կամ կլիմայի փոփոխության հետևանքով քաղցրահամ և աղի ջրերի միախառնվելը առաջնային այն խնդիրներից է, որ մեկ երկրի լուծելիքը չէ, ինչպես օզոնի շերտի պաշտպանությունը:

 

ՋՏՊԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի նախնական փուլի տեխնիկատնտեսական հիմնավորումը, դրա շուրջ քննարկումը, մասնագետների առաջարկները, դիտարկումներն ու կարծիքները շատ մեծ նշանակություն կունենան հետագայում այս ծրագիրը ամբողջացնելու և բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ ունենալու հարցում:

 

 

Ջրամբարի կառուցման հիմնավորման հետազոտության 1-ին փուլն ընգրկում է գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ ծրագրին առնչվող տվյալների հավաքագրման հետազոտություն, այլ կերպ՝ տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական հետազոտություն, 2-րդ փուլը` լիարժեք տեխնիկատնտեսական հիմնավորում, որին և կհաջորդեն շինարարական աշխատանքները:

 

Կատարված ուսումնասիրությունը հիմնավորվում է թեստավորման և միջազգային չափորոշիչների միջոցով: Մասնավորապես՝ գրունտի մեխանիկական հատկությունների թեստերը, որոնք իրականացվել են 19 նմուշառման արդյունքում՝ խմբավորվելով 5 կլաստերներում, հնարավորություն են տալիս կանխատեսել ինժեներական այնպիսի աշխատանքներ, ինչպես հիմքի կառուցումը, էքսկավացիան, հատումը և հողապատնեշումը: Կատարվում են նաև ջրաթափանցության թեստավորում, ներքին էրոզիայի երևույթի առաջացման հնարավորության ուսումնասիրություններ, լանջի մակերեսից դուրս եկող գրունտային ջրերի ուսումնասիրություններ և այս ամենի պարագայում՝ սեյսմակայուն նախագծման նորմերի կիրառում:

 

Հավելելով նաև ալիքների դեմ լանջերի պաշտպանվածության, սառչելու-հալչելու էֆեկտի դեմ պաշտպանվածության, ջրամբարի լանջերի հակաինֆիլտրացիոն աշխատանքները, ջրամբարի հատակի հակաինֆիլտրացիոն միջոցառումները, առկա պատվարների ձևի որոշման և հակաինֆիլտրացիոն միջոցառումները, ջրամբարի ընդհանուր ձևի որոշումը՝ հաշվի առնելով հողապատնեշման նյութեր, գնահատվում է, որ այս փուլի համար իրականացվել է բավարար հիմնավոր և ամբողջական ուսումնասիրություն:

 

Ջրամբարի անվտանգության ապահովման մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը որոշելու նպատակով հատուկ ուսումնասիրության է ենթարկվել վթարային ջրթողի հետ կապված խնդիրը: Ուսումնասիրության մեջ այն դիտարկվում է հիմնականում 3 դեպքի համար. արտահոսքի արտակարգ աճ, որը կարող է հանգեցնել պատվարի նյութի քայքայման, ջրամբարի շուրջ հնարավոր սողանքների առկայություն, հավանական երկրաշարժի հետևանքով ջրամբարին հասցված վնասը:

 

Ծրագիրը աննախադեպ ծավալուն է. բացի ջրամբարից, 2 սնուցող և 1 ջրթող ջրանցքներից, նախագիծն ուղղակիորեն առնչվում է հետևյալ թիրախային կառույցներին. Արզնի ճյուղի ջրանցքը, Տկահանի ջրանցքը, Շահ-առուի , Վերին Ակնալիճի, Ներքին Ակնալիճի, Մեծամորի, Ստորին Հրազդանի ջրանցքները, Քասախի ջրառը, հիմնական պոմպակայանը:

 

Ինչ վերաբերում է ծրագրի գյուղատնտեսական նշանակությանը, նշենք, որ ոռոգման ներկա համակարգը ջուր է մատակարարում 9660 հա հողատարածքի` Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան ջրանցքների և Ռանչպար պոմպակայանի միջոցով: Եղվարդի ջրամբարի իշխման տակ են գտնվելու 3 մարզերի 27 համայնքներ, որոնք ջուր են ստանում չորս՝ «Եղվարդ», «Աշտարակ», «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ-ների ջրամատակարարմամբ: Քանի որ ՋՕԸ-ների տարածքների սահմանները և առնչվող 27 համայքների սահմանները չեն համընկում, ծրագրի տարածքում ներառվել են 27 համայնքների ընդհանուր 24 937 հա հողային տարածքներից 22 754 հա-ն կամ դրանց 91%-ը:

 

 

Եղվարդի ջրամբարի պարագայում ՀՀ կառավարությունը երկընտրանքի առջև էր: Ամենակարճ և դյուրին տարբերակը ջրամբարը չկառուցելն էր, այսինքն՝ «Զրոյական տարբերակի» ընտրությունը, որը նշանակում էր խնդիրները թողնել նույնը, անտեսել Սևանա լճի հիմնախնդիրը, ինչպես նաև ջուրը գցել Խորհրդային Միության տարիներին Եղվարդի ջրամբարի կառուցման համար իրականացված ներդրումները՝ ժառանգելով նախնիներից աղճատված լանդշաֆտ:

 

«Ստորգետնյա ջրերի շահագործման» տարբերակի հետևանքները տեսնում ենք հատկապես Արարատյան հարթավայրում և էլեկտրաէներգիայի ծախսերի ու պոմպակայանների շահագործման պարագայում:

 

Ընտրվեց «Մակերևութային ջրերի շահագործման» տարբերակը, որը հնարավորություն է տալիս մեր մակերևութային առատ ջրերի արդյունավետ օգտագործում, մեզ ազատում է ստորգետնյա ջրերի և մեխանիկական ջրամատակարարման կախվածությունից: Ջրառատ Հրազդան գետի «ազատ ջրերը» առկա և կառուցվող ջրանցքների միջոցով կուղղվեն Եղվարդի ջրամբար այն ժամանակահատվածում, երբ գետի ջրի հոսքն ավելի է, քան ջրի պահանջարկը։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ www.armef.com կայք

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ